Ի՞ՆՉ Է ԱՆՀՐԱԺԵՇՏ ԻՄԱՆԱԼ ՓՈԽԱՌՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

Փոխառության պայմանագրով մեկ կողմը (փոխատուն) մյուս կողմի (փոխառուի) սեփականությանն է հանձնում դրամ կամ տեսակային հատկանիշով որոշվող այլ գույք, իսկ փոխառուն պարտավորվում է փոխատուին վերադարձնել միևնույն գումարի դրամ (փոխառության գումարը) կամ փոխատուից ստացված գույքին հավասար քանակի և նույն տեսակի ու որակի գույք: Փոխառության պայմանագիրը կնքված է համարվում դրամ կամ այլ գույք հանձնելու պահից։ Ի հավաստումն փոխառության պայմանագրի և դրա պայմանների` կարող է ներկայացվել փոխառուի տված ստացականը կամ փոխատուի կողմից փոխառուին որոշակի դրամական գումար կամ որոշակի քանակի գույք տալը հավաստող այլ փաստաթուղթ:

Փոխառության պայմանագիրը կնքվում է գրավոր: Փոխառության պայմանագրի գրավոր ձևը չպահպանելը հանգեցնում է փոխառության պայմանագրի անվավերության: Նման պայմանագիրն առոչինչ է:

Փոխատուն իրավունք ունի փոխառության գումարից տոկոսներ ստանալ փոխառուից, եթե այլ բան նախատեսված չէ փոխառության պայմանագրով:

Փոխառության պայմանագրում հստակ պետք է սահմանվեն տոկոսների չափը և հաշվարկման կարգը: Փոխառության պայմանագրի կնքման պահին տոկոսների չափը չի կարող գերազանցել Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի սահմանած բանկային տոկոսի հաշվարկային դրույքի կրկնապատիկը:

Փոխառուն պարտավոր է, փոխառության պայմանագրով նախատեսված ժամկետում և կարգով, փոխատուին վերադարձնել ստացված փոխառության գումարը:

Այն դեպքում, երբ վերադարձնելու ժամկետը պայմանագրով որոշված չէ կամ որոշված է ցպահանջ, փոխառության գումարը փոխառուն պետք է վերադարձնի այդ մասին փոխատուի պահանջը ներկայացնելու օրվանից երեսնօրյա ժամկետում, եթե այլ բան նախատեսված չէ պայմանագրով: Անտոկոս փոխառության գումարը փոխառուն կարող է վերադարձնել վաղաժամկետ: Տոկոսներով տրամադրված փոխառության գումարը կարող է վաղաժամկետ հետ վերադարձվել միայն փոխատուի համաձայնությամբ, եթե այլ բան նախատեսված չէ օրենքով կամ փոխառության պայմանագրով:  Փոխառության գումարը համարվում է վերադարձված այն փոխատուին հանձնելու կամ նրա բանկային հաշվին փոխանցելու պահին, եթե այլ բան նախատեսված չէ փոխառության պայմանագրով:

Եթե փոխառուն սահմանված ժամկետում չի վերադարձնում փոխառության գումարը, ապա փոխառության պայմանագրով նախատեսված տոկոսները դադարում են, իսկ այդ գումարին ենթակա են վճարման միայն Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի  411 հոդվածի 1-ին կետով նախատեսված չափով տոկոսներ, սկսած այն օրվանից, երբ գումարը պետք է վերադարձվեր մինչև գումարը փոխատուին վերադարձնելու օրը: Փոխառության պայմանագրում այլ պայմաններով տոկոսներ վճարելու վերաբերյալ համաձայնությունն առոչինչ է:

Եթե փոխառության պայմանագրով նախատեսված է փոխառությունը վերադարձնել մաս առ մաս (տարաժամկետ), ապա փոխառուի կողմից փոխառության հերթական մասը վերադարձնելու համար որոշված ժամկետը խախտելու դեպքում փոխատուն իրավունք ունի պահանջել վերադարձնելու փոխառության մնացած ամբողջ գումարը` հասանելիք տոկոսների հետ միասին:

Փոխառուն իրավունք ունի վիճարկել փոխառության պայմանագիրը, եթե ապացուցում է, որ ինքը փոխատուից իրականում դրամ կամ այլ գույք չի ստացել կամ ստացել է պայմանագրում նշվածից ավելի պակաս քանակով: Վկաների ցուցմունքների միջոցով սույն հոդվածի 1-ին կետով սահմանված հիմքերով փոխառության պայմանագրի վիճարկում չի թույլատրվում, բացառությամբ այն դեպքերի, երբ պայմանագիրը կնքվել է խաբեության, բռնության, սպառնալիքի, փոխառուի ներկայացուցչի և փոխատուի չարամիտ համաձայնությամբ կամ այլ ծանր հանգամանքների բերումով:

Եթե փոխառության պայմանագիրը վիճարկելիս պարզվում է, որ փոխառուն դրամը կամ այլ գույքն իրականում չի ստացել փոխատուից, փոխառության պայմանագիրը համարվում է չկնքված: Եթե դրամը կամ այլ գույքը փոխառուն փոխատուից ստացել է պայմանագրում նշվածից ավելի պակաս քանակով, պայմանագիրը կնքված է համարվում ստացված քանակի գումարի կամ գույքի չափով:

Փոխառությունը լինում է նաև նպատակային և պետական: Նպատակային փոխառության դեպքում փոխառության պայմանագիրը կնքվում է փոխառուի կողմից ստացված միջոցները որոշակի նպատակների համար օգտագործելու պայմանով: Պայմանը խախտելու դեպքում փոխատուն իրավունք ունի փոխառուից պահանջել վաղաժամկետ վերադարձնելու փոխառության գումարը և վճարելու հասանելիք տոկոսները, եթե այլ բան նախատեսված չէ պայմանագրով:

Պետական փոխառության պայմանագրով` որպես փոխառու հանդես է գալիս Հայաստանի Հանրապետությունը, իսկ փոխատու` քաղաքացին կամ իրավաբանական անձը: Պետական փոխառության պայմանագիրը կնքվում է պետության կողմից թողարկած պետական այն պարտատոմսերը կամ պետական այլ արժեթղթերը փոխատուի կողմից ձեռք բերելու միջոցով, որոնք հավաստում են դրամական միջոցները, այլ գույքը, սահմանված տոկոսները կամ այլ գույքային իրավունքները փոխառության թողարկման պայմաններով նախատեսված ժամկետներում փոխառուից ստանալու փոխատուի իրավունքը:

Անհրաժեշտ է իմանալ նաև, որ կողմերի համաձայնությամբ առուվաճառքից, գույքի վարձակալությունից կամ այլ հիմքերից ծագած պարտքը կարող է փոխարինվել փոխառության պարտավորությամբ:

Փոխառության պարտավորությունում պարտքը փոխարինվում է նորացման վերաբերյալ ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 430-րդ հոդվածի պահանջների պահպանմամբ և փոխառության պայմանագիր կնքելու համար ՀՀ օրենսդրությամբ նախատեսված ձևով։

Հավելեմ նաև, որ գրագետ ձևակերպված պայմանագիրը, կնպաստի խուսափել հետագայում ի հայտ եկող խնդիրներից և կօգնի առավել արդյունավետ իրականացնել իրավունքների պաշտպանությունը դրանց խախտման պարագայում։

Related Posts

ՀՀ քրեական օրենսգրքի երկու…

ՀՀ քրեական օրենսգրքի երկու հոդվածով մեղադրվողի նկատմամբ կիրառվել է գրավ որպես այլընտրանքային խափանման միջոց   Ilawyer փաստաբանական գրասենյակի փաստաբան Վահագն Քեշիշյանի պաշտպանյալը ազատության մեջ է: Նախաքննության փուլում քննիչը բավարարել է…
Read more

Եթե գործատուի մեղքով չի…

ArmDaily.am-ը բազմաթիվ ահազանգեր է ստանում, որ եթե պետական աշխատողներին պետությունը համաձայնել է աշխատավարձ վճարել անցնող մեկ ամսվա համար, երբ հայտարարված է արտակարգ դրություն, մասնավորի դեպքում ամեն ինչ այդքան միանշանակ չէ։ Գործատուները…
Read more

Related Posts

ՀՀ քրեական օրենսգրքի երկու…

ՀՀ քրեական օրենսգրքի երկու հոդվածով մեղադրվողի նկատմամբ կիրառվել է գրավ որպես այլընտրանքային խափանման միջոց   Ilawyer փաստաբանական գրասենյակի փաստաբան Վահագն Քեշիշյանի պաշտպանյալը ազատության մեջ է: Նախաքննության փուլում քննիչը բավարարել է…
Read more

Եթե գործատուի մեղքով չի…

ArmDaily.am-ը բազմաթիվ ահազանգեր է ստանում, որ եթե պետական աշխատողներին պետությունը համաձայնել է աշխատավարձ վճարել անցնող մեկ ամսվա համար, երբ հայտարարված է արտակարգ դրություն, մասնավորի դեպքում ամեն ինչ այդքան միանշանակ չէ։ Գործատուները…
Read more