Ո՞ր գույքն է համարվում ամուսինների համատեղ սեփականությունը հանդիսացող գույք

Ո՞ր գույքն է համարվում ամուսինների համատեղ սեփականությունը հանդիսացող գույք և ի՞նչպես է կատարվում ամուսնալուծվող/ ամուսնալուծված ամուսինների համատեղ գույքի բաժանումը։

Ամուսնության ընթացքում ամուսինների ձեռք բերած գույքը, բացառությամբ նվեր կամ ժառանգություն ստացած, ինչպես նաև անհատական օգտագործման գույքի /խոսքը չի վերաբերում թանկարժեք իրերին և պերճանքի առարկաներին/, հանդիսանում է ամուսինների համատեղ սեփականությունը։ Ամուսիններից յուրաքանչյուրի գույքը կարող է ճանաչվել նրանց համատեղ սեփականություն, եթե պարզվի, որ ամուսնության ընթացքում ամուսինների ընդհանուր գույքի կամ մյուս ամուսնու անձնական գույքի հաշվին կատարվել են ներդրումներ, որոնք նշանակալի չափով ավելացրել են այդ գույքի արժեքը (հիմնական վերանորոգում, վերակառուցում, վերասարքավորում և այլն), եթե այլ բան նախատեսված չէ ամուսինների միջև կնքված պայմանագրով: Ամուսինների համատեղ սեփականությունը հանդիսացող գույքային զանգվածի կազմում դրամական միջոցները կարող են ներգրավվել ուղղակիորեն, օրինակ` որպես ամուսիններից մեկի աշխատավարձ, հոնորար, շահաբաժին կամ այլ եկամուտ, կամ անուղղակիորեն՝ որպես այդ գույքային զանգվածի կազմի մեջ մտնող մեկ այլ գույքի համարժեք, օրինակ` ամուսինների համատեղ սեփականությունը հանդիսացող գույքի վաճառքից ստացված դրամական միջոցները։ Ամուսինների համատեղ սեփականության ներքո գտնվող գույքը կարող է բաժանվել ինչպես ամուսնության ընթացքում, այնպես էլ ամուսնալուծվելուց հետո։ Կողմերի միջև համաձայնության բացակայության պայմաններում գույքի բաժանման հարցը ենթակա է լուծման դատական կարգով` շահագրգիռ անձի կողմից հայցադիմում ներկայացնելու միջոցով։
Հայցադիմում ներկայացնելու դեպքում հայցվորը պետք է հիմնավորի, որ գույքի որոշակի բաժնի սեփականատեր է հանդիսանում և այդ գույքն օբյեկտիվ իրականության մեջ գոյություն ունի։ Գույքի բաժնեմասը բնեղենով առանձնացնելու անհնարինության դեպքում, դատարանը որոշում է կայացնում գույքը հրապարակային սակարկություններով վաճառելու և ստացված գումարը հետագայում ընդհանուր սեփականության մասնակիցների միջև նրանց բաժիններին համաչափ բաշխելու մասին։ Պետք է նկատի ունենալ, որ գույքը հրապարակային սակարկություններով վաճառելիս դրա արժեքը զգալիորեն նվազում է, այդ իսկ պատճառով առավել շահավետ է տվյալ խնդրի շուրջ ձեռք բերել համաձայնություն։

2